#‎6հուլիս2013‬ ‪#‎FridaKahlo‬ ‪#crocodile


Տաքսու վարորդն անընդհատ կրկնում էր` ես հոգևոր մարդ եմ, ես չեմ լավը, իմ ներսն ա լավը, լավ մարդիկ չկան: Ճարտարապետը նայեց ֆրիդայի նկարներն ու ասաց` գիտեմ, որ էստեղ ֆրիդայասերներն են նստած, բայց ես էստեղ լավ բան չեմ տեսնում, բացասական ինչ-որ բան կա: Ֆրիդան սև խոռոչ ա, ասեցի, շարժվող սև խոռոչ: Ու ասում եմ, ասում եմ` ուզում եմ մարդիկ լինեն վատը, բայց շարժվող:

Գործի տեղը հաճախորդներից մեկը սարսափելի նման է Դիեգոյին` գորտի աչքեր ունի, հաստ շուրթեր, չաղ է ու մեծ: Ամեն անգամ ուզում եմ մոտենալ ու քեզնից հարցնել: Կողքով անցնելիս մտքիս մեջ հարցնում եմ` կապույտ տանն ամեն ինչ նորմա՞լ է, Ֆրիդայի տիկնիկները տեղո՞ւմ են արդյոք, ֆրիդային կպաչես իմ կողմից, ֆրիդայի ուսը կշոյես, կասես, որ գրկում եմ նրան, կասես, որ հուլիսի 6-ին ես տորթ գնեցի իր համար, կասես, որ գինին լավն էր ու սպիտակ, կասես, որ խանութում տարեդարձի գունավոր մոմերից չկար, եկեղեցու դեղին մոմերից էին վաճառում, հատը` 5 դրամ, մի 10 հատ գնեցինք, տորթին դրեցինք մեկը, երգեցինք` ծնունդդ շնորհավոր, Ֆրիդաաաա.... Երեխեքը գնացին: Ֆրիդայի ալբոմը գրկած կանգնել եմ հայելու առաջ, իսկ սիրտս կոկորդիլոս ա ուզում, պաչիկներ ու սրտիկներ, կարոտում եմ քեզ, կոկորդիլոս, ոնց որ Ֆրիդան Նյու Յորքից կարոտում էր Մեքսիկան, ոնց որ Իբրահիմի շեփորն է կարոտում Բեյրութը: Աչքերս պինդ փակած եմ կարոտում, ձեռքով բերանս պինդ սեղմած, տրորվող քունքերով եմ կարոտում:


Դռանս վրա գրել եմ` ես դեռ ապրում եմ բորբոքված նյարդերի աշխարհում` թափանցիկ, ինչպես սառույցը: Երեխեքը գնացին: Երեխեքը, արաբների ասած, լույս ու ջերմություն բերեցին: Երեխեքը գնացին:

Ես պառկել եմ գետնին ու հավես չունեմ շարժվելու: Ինչ-որ հեռու մի տեղ ֆրիդան պառկել է գետնի տակ ու չի շարժվում: Այս առավոտ կոկորդիլոսը հագնված դուրս եկավ ճահճից ու պետք է անընդհատ շարժվի:

«Վառեք ինձ, անպայման վառեք ինձ, չթաղեք, ես շատ երկար եմ անշարժ մնացել անկողնում», - կրկնում էր Ֆրիդան: Աչքերս բացում եմ ու նայում ինձ: Աստված իմ, Էս ոնց եմ էսքան անշարժ ապրել: Սողում եմ: Հուլիսի 1, հուլիսի 2, հուլիսի 3: Մատով բլոճ եմ ճզմում: Հուլիսի 4, հուլիսի 5, հուլիսի 6: 106-ամյա իմ ֆրիդա: Ինձ ոչինչ մի սովորեցրու: Ինձ ոչինչ ի պահ մի տուր քո իմացածից: Թող ես իմ քչի հետ մնամ: Թող լինեմ հենց էսքան վատը, էսքան կարճը, տգեղը, չաղը, թող ես լինեմ: Ծնունդդ շնորհավոր:

Հենրի ֆորդի հիվանդանոցի սենյակներից մեկում ես պառկած: Մի քանի ժամ առաջ ես վիժել: Պտուղդ հեռացավ քեզնից հեշտորեն, ոնց որ լպրծուն խխունջը խեցու միջից: Արի գրկեմ քեզ, Ֆրիդաս, ու օրորոցային երգեմ քեզ համար: Արի ոտնաթաթդ համբուրեմ: Կգնաս տուն: Տիկնիկներ կգնես: Տիկնիկներ կնվիրեն քեզ: Մայրություն կանես նրանց: Կկարկատես, կսիրես, կխնամես նրանց, կպահանջես, որ քնելուց առաջ անկողնուդ մեջ դնեն, կփայփայես չունեցածդ երեխայի նման: Կնկարես քեզ ու տիկնիկիդ: Կնկարես քեզ ու թութակներիդ: Քեզ ու կապիկներիդ: Քեզ ու մրգերը: Մարդկանց նման մրգերը կնկարես: Չունեցածի: Ունեցածիդ համար անես, որ ի՞նչ: Օրագրումդ կգրես. «Երեխաները օրեր են, ու այդտեղ ես էլ չկամ»...

հետ գրություն: Ես անընդհատ տեսնում եմ քեզ, Ֆրիդա: Ես ուզում եմ, որ ուրիշներն էլ քեզ տեսնեն: Ամեն դեպքում ես կնկարեմ իմ մեջքին բարակ սև կոկորդիլոս, ինչպես դու ես ճակատիդ նկարում մեծաչք ու չաղ Դիեգոյին: Համբուրում եմ ու գրկում: Ոնց որ Դիեգոն էր գրում` Այս փոքր նամակը գրում եմ, որ քեզ մոտ հասցնի իմ հազարավոր համբույրներն ու սերը:

քո` հս

No comments:

Post a Comment