Աշոտ Ավդալյան


(1948-1985թթ. Շիրակի մարզ, գ. Ջաջուռ)

ԱՆԴԱՐՁՈւԹՅՈւՆ

Թմրած պատերը դեմքս թաքցրին ջրափոսի մեջ, 
շուտափույթ եղավ հրաժեշտն ագահ, 
դեմքս լցվել էր թաքուն ստվերով. 
ինձ երկիր բերեց ժրաջան մի կին: 
Շրջապատված եմ դատարկ գրքերով, 
որ կյանքի առաջ ստրկամիտ են, 
ու բաց աչքերով տեսնում են լույսի 
վթարված լեզուն: 

Աչքերը՝ իբրև հավիտենական խոռոչներ երկու 
ընդարմացել են, 
ինչպես մարմինը կեսօրվա տոթին, 
ոչինչ չեն հիշում անցնող-դարձողի 
բառապաշարից: 

Արդյոք ինձ համար կորուստ չէ՞ լինել ձեր 
բնակիչը, 
ձեր խոնարհ ծառան, 
զրուցակիցը, 
ես ինձ թաղել եմ երկու ոտքերով պարապ 
օդի մեջ, 
և սառնություն է իջել ոտքերիս, 
մի քիչ էլ գինու բարեկիրթ ոգին: 

Մնացեք բարով. 
ես հեռանում եմ, որ մտաբերեմ կարպետի 
գույնը, 
որը նման էր հորս աչքերին, 
որոնք չեն հիշում, 
թեև անցել է քսանհինգ տարի: 

ԵՍ ՑԱՆԿԱՆՈւՄ ԷԻ ՔԵԶ ԱՅՆՊԵՍ ՍԻՐԵԼ

Vincent Van Gogh. a sunday in eindhoven
Ես ցանկանում էի քեզ այնպես սիրել,
ինչպես աչքերն են սովորում մթին:
Ու երբ խավարն էր թավալվում գետնին,
հողի շուրթերին համբույրն էր դիզվում,
գիշերահավի պես ճամփորդում էի՝
ողջ շշուկները թևերիս առած:

Ես անծանոթ էի քո խորհուրդներին,
ու գաղտնիքներն իմ շշուկներն էին թույլ.
և դու լռության փորձ էիր անում,
որպեսզի խոսեի ճմարտության հետ:

ցանկանում էի մի վերջին անգամ
հրավիրել քեզ ապրելու համար:
Ու հիմա, հիմա, երբ սրտիս նման 
փակվում եմ անօգ իմ մարմնի մեջ,
փորձում եմ, որ դու 
իմ մեջ տեղ գտնես,
բայց պատում է ինձ անմեկնելի վախ,
որ դու կթրջվես անձրևի տակ:

Երբ տառապանքից մարմինս հոգնում
ու երազներին հրաժեշտ տալով
հրաշքներին է դարձնում տիրակալ,
սիրտս են թափվում ջրերն աշխարհի,
բայց իմ կոկորդը մնում է միշտ չոր:

2.
Արցունքների պես երեկոն իջնում,
ու բաժանվում է երկու աչքիս մեջ,
ահա կանգնած եմ ես այնտեղ, այնտեղ,
ուր հոգին ինքն է ծննդաբերում:

Ես ցանկանում էի քեզ այնպես սիրել,
ինչպես աչքերն են սովորում մթին:

Van Gogh.Ladies of arles memories of the  garden at etten


ԱՍԵՂՆԱԳՈՐԾԻՐ 

Ասեղնագործիր մանկան անունը
կանաչ դաշտի մեջ
ու պսակազարդ դափնին մոտեցրու նրա մազերին:
Նրան տուր ծաղկի գեղեցկությունը,
ծաղկի անունը պահիր երկնքում,
ու ծաղկի նման հավիտենության ներսում սրբացիր:

Տուր նրան բառը,
որ զույգ ձեռքերով գրկելուց հետո միայն թոթովի,
ու քեզ ընծայի այն հրաշք բառը,
որ դու երազում ասեղնագործել ցանկացար մի պահ:

Ի~նչ զնգուն ձայն է լցվել դաշտի մեջ,
ի~նչ մանրիկ ծիծաղ,
շուրթեր խաղը տալիս է հիմա բազմաբեղուն օր,
իսկ դու կարող ես ընթացքը որսալ գույների խաղով.
ասել - կարմիրը շատ է կամակոր թռչունի ներսում,
ասել - կապույտը շատ է լեզվանի ջրերի ձեռքում
ասե - ցորենը դեղնակտուց է ու շատ սիրելի,
իսկ սևը` լեռան հավիտենության նշանն է միայն:
Vincent Van Gogh. selfportrait on the road to tarascon
the painter on his way to work

Ասեղնագործիր մանկան շշուկը
քո դեմքի վրա,
ու ծառից խնդրիր` յոթերորդ ճյուղի պտուղը տա քեզ:

ԺԱՄՆ Է ՀԻՄԱ

Ժամն է հիմա,
ու դաշտից հեռանում է թուխ տղան
իր հոգնությամբ զարդարուն, ու արևով գինովցած
քամին նրա ծնկներից բաժանվել է իբրև քույր -
նրա քիմքից դուրս թռած մենանվագ է տղան:

Նա գնում է, ու հոգին ծաղկող դաշտի է նման
նա գնում է, երկնքից զրնգացող ձայն է գալիս,
ձայնը` փոքրիկ թագավոր – տերունական աղոթքից-
ուշացել է, ու հիմա, տեսիլքի մեջ է տղան:
Եվ թիթեռներ, որ ունեն գույների տաք բազմություն, 
ու արևից ոսկեկար մաշիկներ են թռցրել.
ոսկեզօծված է օրը, թևաբախում է շուրջը,
և օրերի զարթոնքից – 
հիացքի մեջ է տղան:

Տղան անցնում է զուգված, ճառագայթները ձեռքին,
ու երկվության շղարշե քողը գցած ձախ ուսին
նա տանում է դափնիներ` առանձնացած շնորհից,
ու հեռացող լույսերից-
ցնորքի մեջ է տղան:


ԻՍԿ ԴՈւ
Vincent Van Goghcafe terrace place du forum arles

Իսկ դու 
մանկության բաց պատուհանից նայեցիր երկինք,
ուր չկար վիշտը մեր ամենօրյա,
չկար մարմնի առանձնության մեջ լողացող
հոգին,
և լույսը չկար:

Ու քեզ գգվում էր անծանոթ մի ձեռք,
որ մարգարիտներ ուներ մատներին,
և ուներ լույսը մանկության ձեռքում պահող
հրեշտակ:

Դու ապրում էիր ներդաշնակ ու սուրբ,
պատկերն ունեիր քո նախնիների,
երբ թեքվում էիր խոտերի վրա,
(կամ լեռան նման 
միշտ անմնացորդ տրված խավարին)
քեզ վերադարձ էր գուշակում քամին,
քեզ տուն էր բերում անձրևի նման:

Իսկ դու մանկության բաց պատուհանից 
նայելով երկինք
առանց կրքերի ու իմացության,
(սուրբ անմնացորդ տրված խավարին)
հպվում էիր նրան,
ուր չկար մարմնիդ առանձնության մեջ 
լողացող հոգին: 

ԾԱՌԸ

Ծառը գեղեցիկ ու սակավախոս,
հիշում է ձայնը իր նախորդների,
հիշում է եղբոր, նաև հոր նման
ու գլուխն այնպես թեթև է պահում,
որ բողբոջները պայթում են հերթով , առանց դադարի:

Ծառը գեղեցիկ ու շնորհապարտ,
մրջյունին այսօր հեքիաթ է պատմել,
թիթեռին հուշել ձայնը երգեցիկ,
մեղվին տվել է բանաստեղծի յամբ,
ճյուղերը այնպես թեթև է պահում,
որ բողբոջները պայթում են հերթով, առանց դադարի;
Vincent Van Gogh. sower

Ծառը ասողիկ, ծառը` բարետես
նոր խոսք է լսել արևի մասին,
ու կանաչել է, փթթել լույսի մեջ,
և թռչուններին ասում է` տարեք մղձավանջը ձեր`
դարձել եք անտուն.
ինքը դարձել է շարականի ոտք,
իսկ բողբոջները պայթում են հերթով, առանց դադարի:

*
Կնստեմ մի օր ու երկու գիշեր,
առատ անձրևի ձայնով կարբենամ,
կքնեմ փոքրիկ շուշանի նման
ու վարդի նման կարթնանամ նորից,
ու լույս կդառնամ փեշերին ծաղկի,
ու ամպի նման գլխիկոր կանցնեմ,
ու երբ ծառերը մաքրվեն փոշուց,
երբ ջուրը ծաղկուն
իր արծաթները զրնգացնելով գա,
ես կառաջնորդեմ նրան վարդի մոտ,
կասեմ, նա սրտով մոտենում է քեզ
ու չի թաքցնի սեր ու նվիրում,
կասեմ, որ ջուրը այդպես է գալիս,
կասեմ, որ նրա գալստյան համար
թող որ վայելքի խմբերգը երգեն:

*
Շռայլիր ինձ զուգերգի ձայն,
հնչերգի մեջ թափառաող գույն
ու անհաշիվ օրերի մեջ թուլացող երգ,
որ կրկնեմ բառեր զույգ-զույգ,
աներևույթ լինեմ պահը վերծանելիս
ու հնչերգի տողազարդը
հրամցնեմ եկվորներին`
ուշացածին, տեսանողին ու ծնվողին:
Որ եկվորը լինի ծաղկող երանելի,
Vincent Van Gogh. portrait of armand roulin
ուշացողը` զրուցասեր,
տեսանողը`այր իմացյալ,
ու ծնվողը` որմնանկար առավոտի:
Շռայլիր ինձ զուգերգի ձայն,
որ հնչերգի արդուզարդով
մտնեմ դռնից իմացության
ու նորոգվեմ, ինչպես լույսը առավոտի:

*
Անցան օրերը,
դու հիշողության դաշտում մեծացար,
ու ոտաբոբիկ նայեցիր ծաղկանց տոնին գնացող կանանց ետևից:
Եվ մանկություն էր խաղում գարունը,
ու անձրևներով հաճոյախոսում,
իբրև նվիրում անունդ էր տալիս,
որ չմոռացվես քո կյանքի վարձքը մտաբերելիս,
որ դաշտի գոյության ծաղիկը քաղես,
որ հիշյալ օրից մինչև վախճանը
լուռ երկրպագես նրա ձևերին:
Լուռ երկրպագես ու թագավորես,
տաս հրամանի կարմիր ժապավեն,
որ կրեն ծաղկող իրիկունները,
ու ընծայագիր թողնեն գնալիս:

*
Կարմիր ամպերի կարմիր փեշերին,
ուր ձիավոր է մարմինը իմ հոր,
ուր ձեռնոցներ է հագնում կիրակին,
որ արյան մասին ոչինչ չհիշի,
խմբված են տխուր, մերկ ուրվականներ՝
շարքերով, խմբով, գերդաստաններով,
և ում կանչում են, հարցնում են տե՞ր ես
մեր երկրին, հողին ու մենավորին:
Իսկ թե շուրթերդ փակես ու լռես,
չասես բառերը այն նվիրական,
կասեն՝ ապրածդ սուտ է, սխալմունք,
և մահն է սխալ, չկանխորոշված:
Եվ դու չես նայի աչքերին նրանց,
դե, աչքեր չունեն,
չես բռնի ձեռքեր, որ հայցես կյանքդ
թռչող դաշտերից,
փոր-փոշման պիտի վերադարձ փնտրես՝
հոգեդարձության անավարտ մի երգ
ճշտելու համար:
Ի՞նչ ես անելու
կարմիր ամպերի կարմիր փեշերին,
տունդարձիկ ամպեր որտեղի՞ց գտնես:

ԱՆՁՐԵՎՆԵՐԻ ՏՈՆ


Իջեք մրգահոս, զուլալ անձրևներ,
Vincent Van Gogh. young man with cornflower
Ձեր աչքը պետք է, որ հեռուն տեսնի,
նայեք ինչքան է մոլորված ու խեղճ
այս տխրությունը, որ կոչվում է կին:

Նայեք նրա սառն ու գունատ դմքին,
ինչ-որ մեկն անցել, ավերել է այն
նայեք մարմինը տանող ոտքերին,
կարծես չեն գնում, սպառնում են լալ:

Նայեք մի քիչ էլ, ծիծաղով նայեք,
ժիր է մարմինը անձրևին հենված,
նրա մազերը ուզում են թռչել,
կարծես թե ունեն թաքուն սանրվածք:

Իջեք մրգահոս, տաքուկ անձրևներ,
ձեր աչքը պետք է, որ հեռուն տեսնի,
լույսը ուռչում է, դառնում բլուրներ
միամիտ փլվում նրա մերկ կրծքին:

*
Ներքնատեսության հզոր սարսափից
կուզեմ տանջել քեզ
ու երիվարի նման հավաքել
գեղեցկությունը իմ մաշկի վրա:
Ու ըմբոստանալ
քո աչքերի դեմ,
քո մազերի դեմ,
ու երջանկության կարոտը
այնքան նրբորեն հյուսել շուրթերիդ-ձայնիդ
ճառագայթների ներքնատեսությամբ
և արարումի այնպիսի թափով,
որ սիրտդ հանկարծ
զգա քավության այնպիսի պահանջ,
որ դու հերարձակ,
պահանջող ձայնով,
կրքից ցպահանջ
նետվես լռության ու խավարի մեջ,
հալվես, չքանաս,
ձուլվես խավարին, հասկերին, հողին՝
անկման սարսափը տանելով քեզ հետ:
ներքնատեսության հզոր սարսափից
կուզեմ սիրել քեզ:

Vincent Van Gogh. the sower sower with setting sun
*
Դու մենակ ելար ու ընթերցումի դաշտերով անցար.
ու կանգնած կանայք ջուր էին ցողում ավետումներին,
հեքիաթի նման քո տաք դռանը կանգնած էր քամին,
ու կարմիր դաշտն էր մոռացումների զուգերգը երգում։
Եվ երգն հնչում էր իբրև մոլեգնող արծաթների ձայն 
ու երգը գույնն էր հպատակության ու դաշտի ոգին,
և ընծայված էր կարմիրը ձեռամբ,
հանգանակում էր կանաչ ու դեղին,
ու տաք հորձանքից կապույտն էր ելնում
պաղ շեղջերի մեջ առավոտների։
Ու կրակվում է արյունս տապից,
ու ձայն էր հնչում հպատակության,
ու օրհներգության թասերի վրա
օրն էր զուլալվում...

1 comment:

  1. ՏԻգրան25.5.13

    Հս Ջան շատ ապրես ,շատ լավ գործ ես անում,Ավդալյանի գործերից շատ քիչ բան եմ ընթերցել

    Քո ընթերցող Տ.Սիմավորյան

    ReplyDelete