Քեթի Աքեր. Բղջախոհություն



Քեթի Աքեր Kathy Acker
(1947-1997թթ. ԱՄՆ)

Բղջախոհություն Lust 
անգլերենից թարգմանեց Կարեն Ղարսլյանը

Ինքնագիր գրական ակումբ
Երևան, 2015թ.






Մենակության պատճառով նավաստին անընդհատ ինքն իրեն հիշեցնում է, թե ով է ինքը:

Բըրոուզն ասել, որ գրողները միջատ են: Կյանքից զուրկ: Նավաստիների պես: Գրողը նավաստու մի տեսակ է, անձ՝ առանց մարդկային հարաբերությունների:

Ինձ անծանոթ մարդու վերադարձին սպասելուց ավելի հետաքրքրաշարժ բան ու գործ չունեի:

Նրանցից ոչ ոք ռիսկ չէր անում լեզուն դնել մյուսի թշին, որովհետև համբույրը խոցելիության նշան է: Սխալմամբ աչքերի մի զույգը ժամանակ առ ժամանակ պատահում էր աչքերի մյուս զույգին: Ապա թաքնվում էին: Օձեր:

Ամեն կենդանի տուն է գտնում կամ մեռնում:

Ոչ թե սեքսը, այլ միայնությունն է դարձել կապիտալիզմի վերջին վերապրուկը: Միայնությունը թե՛ հիվանդություն է, թե՛ անձնական ուժի ու հպարտության պատճառ:

Խելագարությամբ մեկուսացած կղզիներ: Ես նայում էի, թե ինչպես է նրա կյանքը տեղի տալիս (մերժում) իմ սեղմող ու պրկվող մատների ճնշման տակ (մերժյալներ), նայում էի, թե ինչպես է նավաստին մահանում՝ բերանը բաց (մերժված) լեզուն դուրս հանած (պապանձված), նայում էի միայնակ հաճույքներիս ճգնաժամին (մերժում):

Սպանելով՝ ինքս ինձ վեր եմ հանում մահի միջից, որում ապրում եմ:

Իմ սպանությունը նաև հայտարարեց աշխարհին իմ մեկուսացման մասին և այդպիսով կատարեց մեկուսացումը կործանելուն ուղղված առաջին քայլը:

Մեռած անձը չի կարող մեռած լինել: Մահը, նախ և առաջ, անհնար է:

Կարծում էին, որ առանց իրենց տեսլականների՝ այս քաղաքը կքայքայվի: Քաղաքը քայքայվում է այսպես թե այնպես:

Իրենք իրենց ուտելիս՝ օձերին թվում է, թե իրենցից բացի ուրիշ բան չկա:

Քանի որ աղբի սիրահար էր, պոեզիա գրում էր՝ բառակապակցություններ որսալով մշակութային աղբամանի միջից - թերթերից, սեքսին նվիրված պարբերականներից, հեռուստատեսային եթերից, կարկառուն բանաստեղծություններից, ամեն ինչից - ու իրար կցելով՝ անլսելի երաժշտական ռիթմերին համապատասխան:

մահ, դու արյուն ես
թափում
ոչ մի համակարագ 
անիմաստ ողբերգությունից վեր
ցանկացած այլ օրգան

Փսխուքն ավելի սիրուն կլիներ քան այս դեմքի առանձնահատկությունների փունջը:

Ոչ մեկ ինքն իրեն տգեղ չի համարում: Որովհետև ինքդ քեզ չես տեսնում: Ինչ վերաբերում է տեսնելուն, ապա դու միայն տեսնվում ես: Հետևաբար տգեղ մարդը տգեղ է ամենուր և մշտապես: Ահա թե ինչ է տգեղությունը:

Միանգամյա սեքսը ժամանակից զուրկ է և միայն ժամանակն է արժեք արտոնում:

Բացակայող մարդիկ, ինչպես երևակայվածները կամ մեռելները, իրական չեն:

Սպասումը տանել չեմ կարողանում, որովհետև ինձ պասիվ է դարձնում ու ժխտում:

- բա էլ խի ես հիմա ուզում մեռնես
- որտև ցավը հիշել կարող եմ, իսկ մահը՝ չէ



Քեթի Աքերը ամերիկացի փորձարար արձակագիր, թատերագիր, բանաստեղծ, պոստմոդեռնիստ, 1970-1980-ականների փանք շարժման կարկառուն խորհրդանիշն է: Ծնվել է 1947թ. Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկում ունևոր հրեայի ընտանիքում ու մահացել 1997թ. Մեքսիկայի Տիխուանա քաղաքում գրեթե բոլոր օրգանները քայքայած քաղցկեղից:
...Ժամանակին Նյու Յորքի ամենավտանգավոր ու անպատկառ փողոցներից մեկի՝ 42-րդի վրա աշխատած մերկապարուհին  տարիներ անց հին հունարեն էր դասավանդում Կալիֆորնիայի Սան Դիեգոյի համալսարանում ու դասախոսում էր Կալիֆորնիայի Սանտա Բարբարայի համալսարանում, Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում, Այդահոյի համալսարանում ևն:

No comments:

Post a Comment