Տրիստան Ցարա. Tristan Tzara

(1896-1963թթ. Ռումինիա, Ֆրանսիա)
լուսանկարիչ՝ Մեն Ռեյ, առաջին լուսանկարը՝ 1926թ., Փարիզ, Պոմպիդու, երկրորդը՝ 1924թ.

Երեկո

Աստղերի հետ ձկնորսներն են դառնում տուն,
Հաց բաժանում աղքատներին
Եվ շարում են մանյակները կույրերի:
Փորագրյալ պատկերների վշտով օծուն այս ժամին
Գահակալներ զբոսայգի են իջնում:

Որսկան շներ են լվանում ծառաները:
Լույսը ձեռնոց է հագնում.
Փակվի՛ր, փակվի՛ր, պատուհա՛ն,
Լո՛ւյս, դուրս արի սենյակից,
Ինչպես կուտը ծիրանի,
Ինչպես վանքից՝ քահանա:

Տե՜ր, քնքշացրու սիրտը թախծոտ ու սիրահար զույգերի,
Թռչնիկներին ուրվագծիր թանաքով
Եվ նոր տեսք տուր լուսնի վրա երևացող նկարին:

- Գնանք բզեզ բռնելու
Եվ բանտելու տուփի մեջ:
- Գնանք գետակ
Սափոր ու կուժ թրծելու:
- Գնանք աղբյուր,
Գրկվենք:
- Գնանք այգի ու պուրակ,
Մինչ աքլորը երգի .
Եվ քաղաքը ցնորվի:

Գնանք մարագ:
Ասղնտում է խոտը չոր,
Եվ բառաչում են կովեր,
Որոնք իրենց հորթուկներին են հիշել:
Գնա՛նք:

Ճանապարհ՝ միակ արև

Դանակներն են մերկ,
Մենք՝ շնչակտուր:
Շարք-շարք ագռավներ՝
Չիրականացած մեկնումներ բազում:
Քարեղեն տարին փլվեց մեզ վրա:

Քանի՜ ծխերի տողանցքներ տեսա,
Տեսա ընդհատված քանի՜ գարուններ,
Տեսա հյուղակիս վրա փշրված
Մշուշի շղթան
Եվ անհետ կորած ազատություններ:

Քայլում եմ, քայլում մամուռի վրա:
Խուլ ոտնաձայներ:
Լռությունների սահմանագծից
Շագանակի պես կլոր մի գիշեր
Եկավ ինձ այցի:

Նա պատմում էր ինձ մի մարդու մասին,
Նա մի երազ էր պատմում համրի պես,
Արև էր շաղում
Մեզ՝ աղքատներիս,
Որ ավելի ենք հարուստ լեռներից:
Եվ ես, գնալով աստղի հետքերով,
Հասա բերկրանքին:

Ուրցի մեջ թաքնված խոսքեր,
Ի՜նչ է անունը այս տարածության,
Որ ճառագայթում է հիմա իմ մեջ:

Ֆրանսերենից թարգմանեց ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔՅԱՆԸ



Տրիստան Ցարան դադաիզմի հիմնադիրն է: 1918թ. դադաիզմի մանիֆեստում գրում է, որ պատահաբար է բառարանում նրա աչքով ընկել «դադա» բառը, որ Կրու ցեղի սևամորթների լեզվով նշանակում է սուրբ կովի պոչ, Իտալիայի որոշ շրջաններում այդպես են դիմում մորը, իսկ ռումիներենում դադա են անվանում մանկական փայտե ձին: Այն նաև արտահայտությունն է մանկական թոթովանքի, որ ոչ մի բան էլ չի նշանակում: Ամեն դեպքում այն կատարյալ անիմաստ մի բան է, ինչն այդուհետ լավագույնն էր նկարագրում այդ ուղղությունը:

No comments:

Post a Comment