Հասմիկ Սիմոնյան



ձմեռ

կողպեքների միջով եկար, տղաս
բանալու պես պտտվեցիր իմ ներսում
և ինչ տներ բացվեցին մեր առաջ
ինչ քաղաքներ   
լողավազաններ փակ-կապույտ

դու
արթնացրիր
ծովեր իմ ներսում

և ներիր, որ կռիվներ էի անում
ու գոռգոռում անհասկանալի բառեր
լեռնային քնած հովիտներում,
տափաստանների մեջ, ուր վազում էին մենակ առյուծներ
ես այդպես սիրել էի սովորում
ես այնքան սիրում էի քեզ սիրել
սավաննաներում,
ուր աճում էին ճերմակամորթ կանայք,
և բամբակի դաշտերն ու լավանդաները շնչող
հավաքում էին կանանց ու լցնում զամբյուղների մեջ 
հետո այդ կանանցից ծածկոցներ էին գործում
ու մենք քնում էինք փաթաթված կանանց մեջ 

ամռանը քո հոտը կորում էր, ձմռանը ես շնչում էի քեզ
ես շնչում էի ձմռանը, սիրելիս, ու լացում կորուստներիս համար,
որ բաներ էին անկարևոր, մանր ու մեծ

ծովային քամու պես ազատ էիր ու գեղեցիկ, երբ եկար,
ինչ-որ մեկը չարենց էր կարդում, հավանաբար նավզիկեն, չեմ հիշում լավ,
կանայք մեր կողքին էին, իմ տղա,
և որքան ներող էին նրանք, անվերջ մայր՝ հինգ տարեկանից սկսած

քո մատներում ամառ էր, օգոստոս
և գե՛տը, գե՛տը, գե՛տը,
պնդում էիր, որ պետք է կտրել
և սիրտը քո ցավում էր քաղաքի հեղձուկում
և պատրաստ էիր
րոպե առաջ
գործել հերոսական արարքներ
բայց մեր կողքին, սիրելիս, ներող կանայք էին նստած
և նրանք ևս ունեին
ցանկություններ՝ կապված երեխաների հետ ու տան

տղաս, ես այդ օրը չեմ հիշում, բայց դու կրկնում էիր անվերջ,
որ ես նուրբ էի ու համարձակ,
և անվստահ հպվեցի ձեռքով
մաշկիդ, 
որ խշշաց ավազե

ձյուների միջով մեզ տարար, տղաս, անզգույշ ձմեռների
և նարինեն կրկնում էր՝ մեր գլուխը չուտես
լիլին շոյում էր գլուխս
աննան ամեն ինչ գիտեր

կողպեքների միջով եկար, տղաս
ու գրկիցդ բաց չթողնելով՝ շշնջում էիր, որ նման եմ հունական արձանի
և ներող էիր կնոջ պես,
թեև ցանկություններ չունեիր՝ կապված երեխաների հետ ու տան

ավազե ժամացույցի պես պտտեցինք իրար
ու լցվեցինք իրար մեջ հորդահոս
հիմա պատերազմ-պատերազմ ենք խաղում, տղաս
և այն, ինչ սկզբում անվանում էիր քնքշանք,
հիմա այլ անուններով ես կոչում,
ու սիրտս շնչահեղձ է լինում,
երբ քանդված
տանիքին
եմ
նայում

տղաս,
հեռացրու այն, ինչ հեռու է,
մոտեցրու այն, ինչ մոտ է մեզ

ու եթե անկարող լինես նետել սովորույթի այդ շղթան
փամփուշտի պես արձակիր մարմինս
ձյուներով
հղի
քաղաքում
դեկտեմբերյան մի օր
և հեռացրու ինձ մարմնից քո ուրիշ
և թող ինձ անտեր վերջապես
հրացանից արձակված փամփուշտի պես





No comments:

Post a Comment