Ռիչըրդ Բրոթիգըն. Richard Brautigan

(1935-1984թթ., ԱՄՆ)

Նարինջներ

Ախ, ինչ անթերի է մահը
հաշվարկում ոտնահետքերիցդ
թեժագույն նարնջաքամին,

ու դու կանգ ես առնում մեռնելու
մի այգում, ուր բերքը
լցվում է աստղերի մեջ:

Ու բոլորիս հսկում են մեքենաները սիրո և գթության

Սիրում եմ մտածել (ու
ինչքան շուտ, էնքան լավ)
կիբերնետիկ մարգագետնի մասին,
որտեղ կաթնասուններն ու համակարգիչները
միասին ապրում են համատեղ
ծրագրավորվող ներդաշնակության մեջ,
ինչպես վճիտ ջուրը
ջինջ երկնքին է դիպչում:

Սիրում եմ մտածել
(հենց հիմա՛, խնդրում եմ)
կիբերնետիկ անտառի մասին
սոճիներով ու էլեկտրոնիկայով լի,
որտեղ եղնիկները խաղաղ զբոսնում են
համակարգիչների մոտով
ասես դրանք ծաղիկներ են՝
ոլորուն բողբոջներով:

Սիրում եմ մտածել
(պիտի՛ լինի)
կիբերնետիկ էկոլոգիայի մասին,
որտեղ մենք ազատ ենք աշխատանքից
ու հետ ձուլված բնությանը,
վերադարձած մեր կաթնասուն
եղբայրներին ու քույրերին,
ոի բլորիս հսկում են
մեքենաները սիրո և գթության:

Կարման նորոգելու գործիքներ. թիվ 1-4

1. Պետք եղածի չափ ուտելիք գտիր 
ու կեր:

2. Քնելու համար մի հանգիստ տեղ գտիր
ու քնիր:

3. Մտավոր ու զգայական աղմուկը նվազացնելով՝
հասիր սեփական լռությանդ
ու լսիր այն:

4.

Նռնակրկեսը

Չափումների մեջ լքված
ես պտտվում եմ երկնքում
անձրևակալած թռչնի նման,

թաթերից մինչև կատարը թաց
կտուցից մինչև թևերը թաց:

Ինձ ջրախեղդ արքա եմ զգում
նռնակրկեսում:

Անցած տարի երդվեցի
որ էլ չեմ գնա
բայց էլի հին տեղս նստած
կաթկթում ու ծափ եմ տալիս

մինչ նռներն անցնում են
մետաղական հանդերձներով:

Էս գիշեր չեմ կարող պատասխանել քեզ փոքր բաժիններով

Էս գիշեր չեմ կարող պատասխանել քեզ փոքր բաժիններով:
Սիրո փոթորկոտ դարպասից պոկված բերանքսիրվայր լողում եմ
ուրվականի պես մի ջրհորում որտեղ
պաղ սև ջուրն աղոտ կիսակառույց աստղերն է
արտացոլում
ու փոխանակում մեր մտերմությունը, հպումները, իրար հետ քնելը
դատարանով սահմանված հեռավորության հետ
ջրասույզ գնացքի պես կանգնած էսկիմոսների կմախքների
կույտի մոտ:

Մեկնելդ ու Հինդենբերգը

Մեր բաժանումն ամեն անգամ
ինձ Հինդենբերգի աղետն ՝
հիշեցնում՝
1937-ին Նյու Ջերսիի վրա այրվող ամրոցի պես
կախված այդ մեծ օդանավի
պայթյունը միջնադարյան կրակներով:
Երբ գնում ես տնից, Հինդենբերգի
ստվերը գալիս է՝
տեղդ լրացնելու:

Հայտնագործություն

Հեշտոցի ծաղկաթերթերը բացվում են,
ասես Քրիստափոր Կոլումբոսը
կոշիկներն է հանում:

Առավել գեղեցիկ բան կա՞,
քան նավաքթի հպումը
նոր աշխարհին:

անգլերենից թարգմանեց ՌՈւԶԱՆՆԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ



Տեսնել այլ հրապարակումներ Ռիչըրդ Բրոթիգընից՝


No comments:

Post a Comment